Ամեն տարվա սեպտեմբերի վերջին կիրակի օրը Հայաստանում նշվում է Մուսա լեռան ազատագրման տոնը, իսկ այս տարի՝ նաև 100-րդ տարելիցը: Մուսա լեռան հանդիսություններին մեծ պատվով ու հարգանքով հիշվում է Ֆրանց Վերֆելը, ում գրքով Հայոց ցեղասպանությունը և հայերի ազատագրման պայքարը աշխարհահռչակ դարձան:
1933-ի նոյեմբերին Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը լույս տեսավ Վիեննայում: Վեպ, որում Ֆրանց Վերֆելը ժխտում է ազգայնականությունը և մոլեռանդությունը: Վեպ, որի պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա, և պատմում է հերոսական հայերի մասին, որ 40 օր դիմադրեցին Օսմանյան կայսրության զորքերին: Գիրքը գրելու կարևոր խթան է եղել Վերֆելի կինը՝ Ալմա Մահլեր-Վերֆելը, որ սիրում էր վագներյան ռոմանտիկ ու հզոր հերոսներին: «Մի անգամ մենք քաղաքական վեճ ունեցանք: Ես վագներյան ակտիվ հերոս Զիգֆրիդին էի պաշտպանում: Մյուս օրը նա եկավ և ասաց, որ մի հերոսի կներկայացնի, որ ինչպես ինքն է համարում, թուրքական նացիոնալիզմը կբացատրի և հայերի նկատմամբ ոճրագործության պատմությունը կպատմի, որի մասին նա արդեն մեր Դամասկոս ճամփորդության ընթացքում հավաստի գրանցումներ էր կատարել»,- գրում է Ալմա-Մահլերը իր հուշերում:
Ֆրանց Վերֆելն իր հերոս Գաբրիել Բագրատյանի մեջ տեսնում է իրեն: Իր ստեղծած հերոսը պետք է տառապեր նույն ճակատագրով, ինչ ինքը: Ֆրանց Վերֆելը Պրահայից եկել էր Վիեննա և ամուսնացել ոչ հրեա կնոջ հետ, որը չէր կարող հասկանալ Վերֆելի ժողովրդին և նրա ճակատագիրը: Որպեսզի Ալմայի հետ կարողանա ամուսնանալ, նա դուրս եկավ Վիեննայի հրեական համայնքից: Ֆրանց Վերֆելը հեռացավ իր ժողովրդից: Բագրատյանը տառապում է նույն ճակատագրով: Նա Բագրատյանին իր հայրենիքից` Թուրքահայաստանից, ուղարկում է Փարիզ և ամուսնացնում մի ֆրանսուհու հետ, որ ոչ մի տեղեկություն չուներ հայերից: Բագրատյանը հեռանում է իր ժողովրդից և դառնում նրանց համար խորթ, ինչպես Ֆրանց Վերֆելը: Վերադառնալով հայրենիք` Բագրատյանը միանում է իր ժողովրդի ճակատագրին: Ֆրանց Վերֆելը նույնպես հակասեմիտական ճնշման տակ, վերադառնում է իր ժողովրդին: Նա ուզում է կրկին հրեա դառնալ, և որպես հրեա, օտարացած հրեա, մասնակցել իր ազգի ճակատագրին: Նա իր վեպում Բագրատյանին ասել է տալիս. «Ես ձեզ հետ չեմ ապրել, իմ եղբայրներ և քույրեր... բոլորովին օտարացել էի հայրենիքից և ոչինչ չգիտեի ձեր մասին: Բայց հավանաբար Աստված ուղարկել է ինձ Արևմուտքի խոշոր քաղաքներից այս ժամին այստեղ: Եվ հիմա ես կիսաօտարական չեմ ձեր շրջանում, որովհետև ես պետք է նույն ճակատագիրը ունենամ, ինչ դուք: Ձեզ հետ կապրեմ և կմահանամ... Մարդը չի կարող որպես օտար օտարների մեջ ապրել: Մարդը չգիտի, թե ով է ինքը, մինչև չի ստուգում»: Հենց Վերֆելն է Բագրատյանի շուրթերով իր կնոջը՝ Ալմային, ասում. «Ոչ, դու չես կարող սա ընկալել: Նա, ում երբեք չեն ատել հանուն իր ազգի, չի կարող սա հասկանալ»։ Բայց բավարար չէր, որ կինը ֆրանսուհի էր, նա դարձել էր թշնամի: Այն բազմաթիվ վեճերը, որ Ֆրանց Վերֆելն ունեցել է Ալմայի հետ, վերարտադրել է իր գրքում՝ Գաբրիել Բագրատյանի կերպարի միջոցով: Ֆրանց Վերֆելը ցանկացել է ցույց տալ մի հերոսի, որ պայքարում է մարդկության և իր ազգի համար, որ կարող է զոհաբերել իրեն, այլ ոչ թե հերոսի, որ սպանում է ու ամեն ինչ ոչնչացնում, որ հասնի իր ցանկացածին: Վեպում Ֆրանց Վերֆելն իր հերոսին է փոխանցում իր հատկություններն ու հոգին, տառապանքներն ու հույսերը: Այն, ինչ Ֆրանց Վերֆելը Բագրատյանին է վերագրում, կատարվում է և իր հետ: Ինչպես Բագրատյանին են աստիճանազրկում, այնպես Վերֆելին են Պրուսական գեղարվեստի ակադեմիայից վտարում: Ինչպես Մուսա լեռան հայերը, նա ստիպված է լինում լքել հայրենիքը:
Այնուամենայնիվ, Ֆրանց Վերֆելի գիրքը հասել է իր նպատակին, իր հրեա ժողովրդին: Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանց Վերֆելի Մուսա լեռան էպոսը հրեաների ամենաընթերցված գիրքն էր: Հատկապես գետտոներում, ուր հրեաները ապաստանում էին: Հրեա պատմաբան Յաիր Օրոնը գրում է. «Ֆրանց Վերֆելի վեպը, Մուսա լեռը, մեծ ազդեցություն է ունեցել հրեա երիտասարդության վրա Երեց Իսրայելում (Պաղեստինը, անգլիական մանդատի ներքո) և Եվրոպայում 1930 և 1940-ական թվականներին... Հրեաները Բագրատյանին իրենց օրինակ դարձրին և ինչպես Բագրատյանը, որ օտարությունից վերադարձել էր հայրենիք, որ պայքարի իր երկրի ազատության համար, այնպես էլ իրենց էին կարծում... Որովհետև երկու ժողովուրդների ճակատագիրը նման էր, Մուսա լեռան հերոսամարտը մեծ համբավ գտավ երիտասարդների մեջ, որոնք գետտոներում էին: Նա սիմվոլ էր ազատության թույլ հույսի... 1943-ին Բիալիտոկ գետտոյում (Լեհաստան) գաղութի մեծամասնությամբ համաձայնվեցինք, որ ուրիշ ճար չունենք, մենք պարտավոր ենք մեր գետտոն մեր Մուսա լեռը դարձնել»:
Փաստորեն, Վրանց Վերֆելը, գրելով հայերի պատմությունը, գրում էր հրեաների ու բոլոր նրանց համար, ովքեր գիտեն պայքարել ու սովորում են հաղթել:
Արտեմ OՀԱՆՋԱՆՅԱՆ
Պրոֆ. դր. մագ.